28/11/2023 14:04
«Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունն ինչպե՞ս ստացավ ՀԾԿՀ-ի վստահությունը. Պարզաբանում
Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի հարցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զուտ տեխնիկական մասով է որոշում կայացնում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապրիլին բացասական եզրակացությունից հետո ի՞նչ համոզիչ փաստարկ ունեցավ ՀԾԿՀ-ն՝ որոշումը փոխելու և ինչո՞վ վստահություն ներշնչեց «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը։
«Երբ դիմում են բաժնետոմսերի ձեռքբերման համար, օրենքը ենթադրում է, որ փաթեթը ուսումնասիրվում է հանձնաժողովի կողմից, այսինքն՝ զուտ տեխնիկական մասով է ստուգվում՝ արդյո՞ք կարող է գործունեությունը ծավալել, թե՞ ոչ։ Մնացած հարցերը, անվտանագության և պետական շահի հետ կապված, ներկայացվում են լիազոր մարմնին, ԲՏԱ-ին, որը քննարկելով ԱԱԾ-ի հետ՝ ներկայացնում է եզրակացություն»,-ասաց Բաղրամյանը։
Ըստ նրա՝ ԱԱԾ-ն էր նախնական բացասական դիրքորոշում ներկայացրել։
«Վերջին փաթեթը, որ ներկայացվել է, ենթադրում եմ՝ լրացուցիչ ինֆորմացիա է եղել, եզրակացությունը կա ԱԱԾ-ի»,-ասաց նա։
Իսկ թե ի՞նչ է փոխվել՝ նշեց, որ չի կարող ասել. «Ուսումնասիրությունը չեմ տեսնում, միայն եզրակացությունն է, որ որ խնդիր չունեն»։