28/11/2023 13:46
Ֆիլմ՝ այս դարի «էլեգանտ» խաբեբաների մասին. կայացավ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ի փակ դիտումը․ Լուսանկարներ
Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը, որի փակ դիտումը և կարմիր գորգի արարողությունը կայացավ նոյեմբերի 26-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Գեղարվեստական ֆիլմն արկածային ժանրից է, որի պրոդյուսերն Արման Միտոյանն է, իսկ ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս նախագծում ներգրավված են իր երազանքների դերասանները, չնայած, որ նախագիծն ամենաերկարն էր իր կյանքում. «Սա իմ կյանքի ամենաերկար ձգված նախագիծն է եղել: Որքան ընթացքը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի վրա, քանի որ իմ երազանքի դերասանական անձնակազմն էր», - նշեց Արշալույս Հարությունյանը։
Խոսելով սյուժեի մասին՝ ռեժիսորը մանրամասնեց. «Ֆիլմի հերոսը չկայացած ռեժիսոր է, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական և համարձակ մտքերի համար։ Բայց քանի որ թատրոնում չի հաջողվում, նա որոշում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարար, հակեր, նախկին ոստիկան, իր սիրելի աղջկան, ով մասնագիտությամբ լրագրող է, և բոլոր այս մարդկանց հետ որոշում իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր և ամենասպասված ստեղծագործությունը»:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը ֆիլմում կարևոր գործող անձ է, ներկայացրեց իր կերպարի առանձնահատկությունները. «Ֆիլմն այս դարի «էլեգանտ» խաբեբաների մասին է, որոնք չեն գործում օրենքի սահմաններից դուրս: Բայց իրականում յուրաքանչյուրն ունի իր ստի գիծը, որոնք ինչ-որ մի կետում բախվում են միմյանց: Քանի որ հերոսներից յուրաքանչյուրն այս կյանքից ուզում է քաղել մաքսիմալը, դրա համար էլ տեղի է ունենում շահերի բախում, այդտեղ էլ սկսվում է ամբողջ պատմությունը: Շատ եմ սիրել այս դերը, քանի որ միշտ էլ հետաքրքիր է բնավորություն ունեցող կերպարի մարմնավորելը: Ես սիրում եմ լինել գործող անձ, այսինքն՝ ոչ թե զոհ, որին պետք է գան և փրկեն, այլ հենց ինքն է ինչ-որ բան թելադրողը: Այս դեպքում հենց այդպիսի դեր է»,-ասաց Լուիզա Ներսիսյանը:
Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լեւոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը եւ Գրիշա Աղախանյանը։