29/11/2023 23:12
Ի՞նչ է «ղեկավարների հիվանդությունը». Դրսևորումները և ազդեցությունը կյանքի որակի վրա
Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ «ղեկավարների հիվանդությունը» սեքսուալ խանգարման յուրահատուկ տեսակ է (սեռական խանգարման էրգոպաթիկ ձև), որը բնորոշ է ղեկավարման գործառույթ իրականացնող մարդկանց․
«Ընկղմում աշխատանքի մեջ. անհատը չի կարողանում հանգստանալ, ճիշտ տարանջատել աշխատանքը և հանգիստը:
Սեքսուալ ֆունկցիայի իջեցումը այս դիսֆունկցիայի ժամանակ տեղի է ունենում աստիճանաբար, երբ անհատը լիակատար կլանված է կարիերայով, խոստումնալից աշխատանքով, ծանրաբեռնված է գործնական խնդիրներ լուծելով, ավելի քիչ ուշադրություն է դարձնում կանանց և ինտիմ կյանքին:
Տեղի է ունենում սուբլիմացիա՝ սեռական էներգիայի փոխարկում այլ տեսակի: Սեռական խանգարման այս տեսակը բնորոշվում է սեռական ցանկության աստիճանական նվազմամբ, արձանագրվում են տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն), հազվակի է դառնում սեռական գործունեությունը, վարքի մեջ հետին պլան է մղվում սեքսուալ-էրոտիկ մոտիվացիան, կարող են արձանագրվել էրեկցիայի և էակուլյացիայի խանգարումներ:
Դիտվում է քնի խանգարում՝ աշխատանքի և հանգստի ճիշտ հերթագայման խախտման պատճառով:
Այս տեսակի սեռական խանգարմանը կարող են նպաստել նաև անհատի սեռական կոնստիտուցիայի թույլ տիպը, անդրոգենների (արական սեռական հորմոնների) ցածր մակարդակը, սոցիալ- հոգեբանական տեսանկյունից լարված փոխհարաբերությունները ընտանիքում»,-մանրամասնում է մասնագետը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ