29/11/2023 15:43
Լարսի հարցում քաղաքական խնդիր չեմ տեսնում, ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել. Քերոբյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ուսումնասիրություններ են սկել ՌԴ գերատեսչության տարածած հաղորդագրության հիման վրա՝ հասկանալու համար, թե ինչքանո՞վ են ՀՀ տնտեսվարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է:
Հարցին, թե արդյո՞ք այդ հարցում քաղաքական ճնշում կա՝ Քերոբյանը պատասխանեց. «Ես այդպես չէի ասի: Մեզ համար տաօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, և հետո 2 օրվա մեջ ևս 35 մեքենա է հետ վերադարձվում: Այն դեպքում, որ տնտեսվարողներն իրենք ապրանքների մեջ որևէ փոփոխություն չեն իրականացրել: Մենք ԵԱՏՄ շրջանակներում սկսել ենք գործողություններ, հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում»:
Դիտարկմանը, թե իրեն քննադատում են, որ այսքան ժամանակ ՌԴ-ին, որպես ՀՀ-ից ամենաշատ արտահանող երկրի, այլընտրանք չեն ստեղծել և դրա համար էլ հիմա այս իրավիճակն ունենք՝ նախարարն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում արտահանման այլընտրանք ստեղծել: Այսօր հնարավո՞ր չէ ապրանք արտահանել Իրաք, Արաբական Էմիրություններ: Արտադրողն ինքը պետք է բանակցի և արտահանի: Կառավարությունն աջակցում է, որ տասնյակ արտադրողներ գնան Չինաստան, Գերմանիա և այնտեղ ներկայացնեն իրենց»: