29/11/2023 12:53
Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում Հայաստանի 5 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի կիսաեզրափակչի համար
Երևանում ընթացող բնռցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը: Հայաստանն այսօր կունենա 5 ներկայացուցիչ:
Հաղթանակների դեպքում՝ հայ բռնցքամարտիկները դուրս կգան կիսաեզրափակիչ և կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր ԱԱ-ում պայքարը կսկսեն Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Հեղինե Պետրոսյանն ու Էլեն Պապյանը: 48 կգ քաշայինների պայքարում Հեղինե Պետրոսյանը քառորդ եզրափակչում կմենամարտի Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոլետա Սքարտի հետ, իսկ 54 կգ քաշային Էլեն Պապյանն ուժերը կչափի լեհ Զուզաննա Գոլիբիեվսկայի հետ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 46 կգ քաշային Առնո Դարչինյանը քառորդ եզրափակչում կմենամարտի Էկվադորի ներկայացուցիչ Զայիր Բոնիլայի հետ: Դարչինյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Վախթանգ Տոդուայի նկատմամբ:
60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը կանցկացնի իր երրորդ մենամարտը. նրա մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Կաուրաուն է:
Այսօրվա մեր վերջին ներկայացուցիչը՝ 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանն էլ կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի Զիմբաբվեի ներկայացուցիչ Կրեյն Մոյոյի հետ:
Բոլոր մենամարտերի մեկնարկը 14:00-ին է: