29/11/2023 17:47
Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանը հայտարարել է․
«Սիրելի բարեկամներ,
Երկու օր է՝ ես հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր:
Վստահեցնում եմ, որ այդ տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։
Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։
Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը ֆինանսական շանտաժի նպատակ ունի՝ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:
Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբերհանցագործներին։ խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ՝ ես հասկացա, որ ցավոք այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:
Թույլ տվեք հույս հայտնել, որ այս կիբերհարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»։