29/11/2023 14:36
Օրական 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ հիմա էլ 5000 եք դարձնում, ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից. Թադևոս Ավետիսյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է մաքսատանը ավտոմեքենաների ժամանակավոր պահպանության՝ կայանման համար դրույքաչափերը միջինում 3 անգամ բարձրացնել:
Ըստ նրա՝ ունենք մեքենաների մեծ հոսք, որ տարածքը չլինի կայանման վայր, քանի որ ցածր են տուգանքները։ Ըստ նրա, եթե օրական 1600 դրամ է գանձնվում՝ կգանձվի 5000 դրամ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը արձագանքեց. «Ձեր կառավարությունն ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից։ Մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են՝ արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Բայց ի՞նչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված: Ես խոսել եմ ձեր կոլեգայի հետ, այո՛, խնդիրներ կան, բայց բոլոր ոլորտներում կան: Նախագիծ եք բերում իրար վրա տարվա վերջին, էս ոլորտի բեռը բարձրացնում եք, բայց հաշվի չեք առնում, որ այլ երկրներ, որտեղ վերարտահանվում են, այնտեղ էլ, ոնց որ, ինչ-որ գործընթացներ կան այս բիզնեսին խոչընդոտելու», - ասաց նա։
Նա ընդգծեց՝ ասում են, որ օրը 1600 դրամը փոքր թիվ է: «Օրական 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ հիմա էլ առաջարկում եք, ասում եք՝ եկեք դարձնենք 5000 դրամ: Օրը 5000 դրամ մի դարձրեք, այլ 500 000 դրամ դարձրեք: Եթե դուք չեք կարողանում ժամանակին կազմակերպել մաքսազերծման աշխատանքները, մարդը ստիպված իր մեքենան մի քանի օր թողնում է, դուք էլ ասում եք՝ դե որ թողեցին, կբերես մի հատ էլ պետական տուրք ավելի բարձր կվճարես: Միանգամից ասեք՝ ավտոներկրումն արգելում ենք, վերջացրեք, որ մարդիկ էլ իմանան: Մարդիկ բիզնես են անում, մեկ էլ հանկարծ ներվայնանում եք, մի օրինագիծ վերցրած գալիս եք ԱԺ, այդպես հո չի՞ լինի», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ մեքենա ներմուծողների հետևից ընկնելու խնդիր չունեն, այլ վարչարարությունն են բարելավում. «Ներմուծողը 4 ամիս ժամանակ ունի հայտարարագիր ներկայացնելու, ինքը 4 ամիս մեքենան պահում է մաքսային տարածքում՝ օրական 1600 դրամով: Մենք էլ ասում ենք՝ դա կայանման վայր չի ձեզ համար»:
Թադևոս Ավետիսյանը հակադարձեց, որ ինքը եղել է Գյումրիի մաքսատանը եւ ականատես է եղել մեծ հերթերի, նաեւ տեսել է, որ մարդիկ փողը, թղթերը ձեռքներին ուզեցել են մաքսազերծել, մաքսային մարմինը չի հասցնում.«Այսինքն՝ դուք չեք հասցնում մարդու գործն անել, դեռ մի բան էլ պետք է վճարի: Ինչո՞ւ պետք է վճարի»: