29/11/2023 18:47
Ռուսաստանում օրինագիծ են պատրաստում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է «լոյալության համաձայնագիր» ստորագրեն
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ինտերֆաքս»-ին ասել, է, որ օրինագիծը, որը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների կողմից «լոյալության համաձայնագրի» ստորագրում է նախատեսում, գրեթե պատրաստ է, փաստաթղթի վրա աշխատում են ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովը, նախագահի աշխատակազմը, ՌԴ կառավարությունը և ՆԳՆ-ն՝ համատեղ:
«Հստակեցվում են՝ ինչ չափանիշներ պետք է ամրագրվեն «լոյալության համաձայնագրում»,- ասել է Կալաշնիկովը։
Նա մանրամասնել է, որ փաստաթղթով նախատեսվելու է, որ ՌԴ մուտք գործող օտարերկրացիները, ստորագրելով վերը նշված համաձայնագիրը, պարտավորվեն որոշ կանոններ պահպանել՝ չզբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կարող է խաթարել կամ միտված է ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությունը հեղինակազրկելուն, չաղավաղել Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական փաստերը, ՌԴ-ում գտնվելու ընթացքում հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, վերաբերող, օրինակ՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին, համաձայն որի ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Նախատեսված են նաև մի շարք այլ պարտավորություններ։