29/11/2023 17:58
ԼԳԲՏ քարոզչությամբ զբաղվող 7 200 էլեկտրոնային հասցե և հարթակ են արգելափակել Ռուսաստանում
«Ռոսկոմնադզորը» սեպտեմբերից սկսած՝ համացանցում 7 000-ից ավելի էլեկտրոնային հասցե և հարթակ է արգելափակել, որոնք զբաղվել են ԼԳԲՏ քարոզչությամբ, այդ մասին հայտնել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում «Ռոսկոմնադզորի» փորձագիտական - վերլուծական աշխատանքների վարչության պետ Մարիա Բիչկովան։
«Համացանցից հեռացվել կամ արգելափակվել են 7 200 էլեկտրոնային հասցեներ»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ «Ռոսկոմնադզորի» որոշումներից զատ, դրա համար հիմք են ծառայել նաև դատարանի կայացրած որոշումները։
«Անչափահասներին անօրինական գործողությունների մեջ ներգրավելու հիմքով համացանցից ջնջվել կամ արգելափակվել է ԼԳԲՏ կոնտենտ պարունակող ու տարածող 6 200 էլեկտրոնային հասցե, իսկ տարվա ընթացքում դատարանների կայացրած որոշումների հիմքով սահմանափակվել է նման բովանդակությամբ 389 հասցեների հասանելիությունը»,- ասել է նա։
«Ռոսկոմնադզորի» սահմանած կարգը, համաձայն որի՝ համացանցում նյութերը ճանաչվում են որպես ԼԳԲՏ, սեռափոխության և մանկապղծության քարոզչություն և արձանագրվում են Ռուսաստանի Դաշնությունում արգելված տեղեկատվության միասնական ռեգիստրում, սկսել է գործել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։