29/11/2023 13:37
Կորուստ և դատարկություն. The Washington Post-ը՝ արցախցի փախստականների մասին
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը մարդկային առանձին պատմություններով անդրադարձել է արցախցի փախստականներին, որոնք խոսել են պատերազմի, բռնի տեղահանության, դատարկության և կորստի ցավի մասին։
««Մենք զոմբիացված վիճակում ենք». հայ փախստականներն ապրում են անորոշ վիճակում» վերնագրով հոդվածում պարբերականը պատմում է իրենց հայրենիքից հեռացած տասնյակ հազարավոր էթնիկ հայերի մասին, որոնք վախեցան Ադրբեջանի տիրապետության ներքո ապրել։ Թեև ադրբեջանցի պաշտոնյաներից շատերը պնդում էին, որ ոչ ոքի չեն ստիպել հեռանալ, բայց նաև ակնհայտ էր, որ իրենք անվտանգության քիչ երաշխիքներ կարող են առաջարկել:
«Շատերի համար Հայաստանում նոր կյանքը տագնապալի իրողություն է։ Իրենց տները լքելու ցնցումը մնում է ճնշող։ Ամեն ինչ փոխվելու պահի հիշողությունները մշտական են»,-գրում է պարբերականը և ներկայացնում ստեփանակերտցի ուսանող, 18-ամյա Անի Բալայանի պատմությունը։
«Չեմ կարող ընդունել, որ սա վերջն է»,-ասում է նա և նշում, որ եթե շրջափակված Արցախում դեռևս հույսով էին ապրում, սեպտեմբերի 19-ից հետո տուն գնալու հույս այլևս չկա: «Այդ ամենը վերածվել է երազանքի»,-ասում է նա։
39-ամյա Արմինե Ավանեսյանը դստեր հետ բնակություն է հաստատել Երևանից 1 ժամվա հեռավորության վրա գտնվող Նորամարգ գյուղի հարազատների տանը։ «Մենք զոմբի վիճակում ենք։ Կցանկանայինք, որ այդ ամենը երազ լիներ»,-ասում է նա: