29/11/2023 16:21
Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և նոր շուկաներ գտնեն. Քերոբյան
Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ցանկացած բիզնեսի տեսանկյունից շատ տրամաբանական է, որ չի կարելի բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ, պետք է հավասարաչափ բաշխել վաճառքները, եթե նույնիսկ մի ուղղությամբ վաճառքն ավելի քիչ ջանք և մեծ եկամուտ է պահանջում, որպեսզի դիվերսիֆիկացիա լինի»,-ասաց նա։
Ըստ նրա, մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է կոմֆորտի զոնայից դուրս գալիս, հասկանալի է՝ պարզ շուկաներից չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, ավելի խորը գիտելիքներ և փորձ, բանակցային հմտություններ ու ստանդարտներ պահանջող շուկաներ։
«Մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսին Իրաքն է, կամ ծոցի երկրները, որտեղ հանգիստ կարելի է արտահանումը զարգացնել»,-ասաց նա և հավելեց, որ քննարկում են արտահանման օժանդակության որոշակի գործիքներ մտցնել։
«Օրինակ, քննարկվում է արտահանման լոգիստիկ ծախսերի որոշակի փոխհատուցման գործիքներ մտցնել, դա շատ արագ պետք է անենք, որ արագ փչացող ապրանքների այլընտրանքային շուկաներում կարողանանք վաճառել, որովհետև շատ դեպքերում համարում ենք, որ այն ապրանքները, որոնք արտադրվում են ՀՀ-ում, կարող են վաճառվել այլ շուկաներում՝ ընդհուպ ԵՄ-ում, սերտ աշխատում ենք, որ դիվերսիֆիկացնենք»,-ասաց նա։