29/11/2023 10:55
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մասսայական սպորտի միջոցառումներին 38 հազար մասնակից ունենալն էական ցուցանիշ է՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը կարող է ավելանալ:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերը վերջին տարիներին էապես նպաստել են մասսայական սպորտի զարգացմանն ու տարածմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարերի շարքը հաջորդ տարվանից կհամալրվի ևս 2-ով. դպրոցականների համար սիրողական մրցաշարեր կանցկացվեն նաև սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից:
«Հաջորդ տարվա համար մեր առջև նպատակ ենք դնելու՝ յուրաքանչյուր մարզից կունենանք մասնակից դպրոցական և թիմեր՝ հասնելով դպրոցների մասնակցության առնվազն 30 տոկոս ցուցանիշի: Այն խնդիրները, որոնք արդեն կարողանում ենք լուծել, մեզ թույլ են տալիս առաջ շարժվել ու նոր թիրախներ ու նպատակներ սահմանել: Այս պահին իսկապես կարևոր թիրախ ունենք՝ ընդլայնել դպրոցների մասնակցությունը: Կան դպրոցներ, որոնք գրեթե հարյուր տոկոսով մասնակցում են բոլոր միջոցառումներին, սակայն կան նաև այնպիսիք, որոնք բավարար ջանք չեն գործադրում՝ այս ամենի մասնակիցը դառնալու համար: Այս ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանք տանել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և նշել՝ արդեն ունեցած փորձը բավարար հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարելու նաև այս թիրախային նպատակը:
«Սպորտի զարգացման ռազմավարությամբ, որն այժմ քննարկվում է, ավելի մեծ թիրախներ ենք սահմանել, քանի որ վստահ ենք՝ հանրության համար էական նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը: Մեր առաջնային խնդիրն է՝ երեխաների շրջանում ձևավորել այդ կենսակերպը: Հաջորդ տարվանից սկսելու ենք մեկ այլ խոշոր ծրագիր՝ մարզերում տիպային մարզահամալիրների կառուցումը, որի նպատակն է մեծացնել տարբեր մարզաձևերով զբաղվելու հնարավորությունը: Նմանատիպ 2 նախագիծ ենք պլանավորել Եղեգնաձորում և Բերդում: Վստահ եմ, որ այս նախագծի իրականացումն էլ ավելի կխրախուսի մեր հանրության մասնակցությունը սպորտային միջոցառումներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառման հաղթող և մրցանակակիր թիմերը, դրանց անդամները պարգևատրվել են նախարարության համապատասխան կարգի վկայագրերով, շնորհակալագրերով, հավաստագրերով, մեդալներով, մասնակից բոլոր երեխաները՝ նվերներով (մարզահագուստ), մարզագույքով, գավաթներով:
Ընդհանուր առմամբ՝ նախարարության կողմից կազմակերպված մասսայական միջոցառումներին 2023 թվականին ավելի քան 38 հազար մարդ է մասնակցել: