30/11/2023 11:32
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հետ՝ քննրակվել է ՀՀ-ԵՄ առավել մերձեցման հարցը
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։
Անդրադարձ է կատարվել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում և Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։
Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման և հարատև կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Անդրադարձ է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայոուն ներգրավածությամբ։