30/11/2023 16:42
ՌԴ իշխանությունը ծրագրում է նվազեցնել աշխատանքային միգրանտների թիվը Մոսկվայում
Մոսկվայում աշխատանքային միգրանտների թիվը զգալի շատ է, նրանց թիվը նախատեսվում է նվազեցնել. հայտարարել է Մոսկվայի ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի ղեկավար Վիտալի Սուչկովը՝ «Միասնությունը տարբերությունների մեջ. Մոսկվայի ռազմավարության զարգացման վեկտորը մինչև 2030 թվականը» XI միջազգային գիտագործնական համաժողովում։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ Վիտալի Սուչկովը նշել է, որ օտարերկրյա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աշխատում է այն ոլորտներում, որտեղ աշխատանքի տեղավորվելու ցանկության պակաս է նկատվում տեղի բնակիչների կողմից։ Խոսքն առաջին հերթին շինարարության, ճանապարհների, մաքրման և այլն ոլորտների մասին է։
Սուչկովը նշել է, որ Մոսկվան գրավիչ քաղաք է նաև ՌԴ այլ շրջանների բնակիչների համար:
Նա ընդգծել է, որ միջնաժամկետ հեռանկարում մայրաքաղաքի իշխանությունների առաջնահերթությունը այլ երկրներից ներգրավված աշխատողների մասնաբաժնի աստիճանական նվազումն է, որն արդեն ամրագրված է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի ռազմավարության դրույթում։