30/11/2023 17:29
Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումը ճանաչվեց ծայրահեղական, գործունեությունն արգելվեց
ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել է դրա գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հայցը բավարարել։ ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում»,- նշված է դատարանի որոշման մեջ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Դատական նիստին մասնակցել է միայն ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, պատասխանող կողմից ոչ ոք դատարան չի ներկայացել։ Գործը «գաղտնի» գրիֆով է մակագրվել դատարանին, նիստը դռնփակ ռեժիմով է անցել։
ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու և դրա գործունեությունը Ռուսաստանում արգելելու մասին հայցով դատարան է դիմել ՌԴ արդարադատության նախարարությունը՝ հիմնավորելով, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ԼԳԲՏ շարժման գործունեության շրջանակում հայտնաբերվել են ծայրահեղականության տարբեր դրսևորումներ՝ ներառյալ սոցիալական և կրոնական ատելության հրահրումը։