30/11/2023 17:19
Մենք հայրենադարձվածի բարդույթը չկարողացանք հաղթահարել, խանդ առաջացավ արցախցիների հանդեպ. Դավիթ Հակոբյան (Տեսանյութ)
Արցախի, արցախցիների հանդեպ համակարգված ատելություն սերմանվեց, և հանրության ինչ-որ շերտեր հակաարցախյան թեզերը սիրով յուրացրին։ Ես երկար եմ մտածել՝ ինչու՞ այդպես հեշտ պառակտեցին, որտեղի՞ց այս անբացատրելի վերաբերմունքը Արցախի ու արցախցիների հանդեպ։ Ներկա Հայաստանի տարածքում բնակչության 80 տոկոսը վերաբնակեցված է, հայրենազրկված մարդիկ են, որ հարկադրված լքել են հայրենիքը, իսկ Արցախի ժողովուրդը ցանկացած տիրապետության ժամանակ Արցախը չի լքել։ Չեմ բացառում, որ խանդ է առաջացել արցախցիների հանդեպ, բոլորին սեփական դաշտ բերելու, հավասարեցնելու բարդույթ կա։
Ինքս մշեցիների թոռ եմ, մենք հայրենադարձվածի բարդույթը չկարողացանք հաղթահարել, չկարողացանք նաև, որովհետև երկար ժամանակ չհաջողվեց իշխանություն ունենալ, ինքնուրույն լինել,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Արցախի էջը չի կարելի փակված համարել, այդ նույն հոգեբանությամբ ապրեցինք, դրա համար շատ արագ մոռացանք Կարսը, չի կարելի մոռանալ»։
Դավիթ Հակոբյանն ընդգծում է՝ շատ պիտի ուզենք, որ տրվի։ «Խնդրեք, և ձեզ կտրվի», բայց մենք այդ խնդրելը սխալ ենք հասկացել, խնդրել նշանակում է փնտրել, բայց մենք չենք փնտրում, խնդրում ենք։ Ֆրանիսայից, Գերմանիայից ենք խնդրում, հիմա էլ թուրքից ենք խաղաղություն խնդրում, բայց չէ՞ որ խնդրողին չեն տալիս։ Պետք է ոտքի կանգնել, ամեն ինչ հնարավոր է, եթե լինի կամք ու ջանք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում