30/11/2023 21:21
Ղրղզստանում կարգադրել են փակել ինտիմ ծառայություններ մատուցող օբյեկտները և խոստացել են հրապարակել այն պաշտոնյաների անունները, որոնք այցելել են այդպիսի վայրեր
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը կարգադրել է փակել ինտիմ ծառայություններ մատուցող բոլոր տեսակի օբյեկտները։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Կամչիբեկ Տաշիևն ընդգծել է քաղաքացիներին ինտիմ ծառայություններ մատուցող ժամանցային հաստատությունների՝ բաղնիքների, սաունաների, հասարակաց տների անօրինական գործունեության կազմակերպումը վերացնելու անհրաժեշտությունը։ Պետական և տեղական իշխանությունների մարմինների ղեկավարներին, իրավապահ համակարգին հանձնարարվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը դադարեցնել նման հաստատությունների գործունեությունը հանրապետության ողջ տարածքում»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ հրահանգը չկատարողները կհեռացվեն աշխատանքից։ Տաշիևը խոստացել է նաև հրապարակել այն պատգամավորների և պաշտոնյաների անունները, որոնք օգտվել են նման հաստատությունների ծառայություններից։
Նշենք, որ Ղրղզստանում ինտիմ բնույթի ծառայություններ մատուցող հաստատությունների գործունեությունը պաշտոնապես արգելված է օրենքով։ Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի կարգադրությունը օրենքը պահպանելու համատեքստում է հնչեցվել։