30/11/2023 12:56
Ադրբեջանը գերիներին պատանդ է պահում՝ իր քաղաքական պահանջները բավարարելու նպատակով. Սահակյան (Տեսանյութ)
2020 թվականի պատերազմի ավարտին գերեվարված անձինք դեռևս գտնվում են Ադրբեջանում, որը խոսում է բանակցությունների ձախողումների մասին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում: Ավելին՝ միջազգայնորեն ընդունված են ժամանակավոր մարդասիրական դադարները, որոնց նպատակը գերիների և մարտի դաշտում ընկած զինծառայողների դիերի փոխանակումն է: Այս առումով, մենք տեսանք, որ թեև գոյություն ունի Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին, սակայն դրանք չիրագործվեցին: Ավելին՝ Ադրբեջանն արհեստականորեն ստեղծեց միջադեպ, որի հիմնական նպատակը նոր գերեվարումներ ունենալն էր:
Այստեղ Հայաստանը փորձ չարեց ինքնուրույն մոտենալ ռազմագերիների խնդրին և բարձրաձայնել պատերազմական հանցագործությունների հանգամանքը: Հայաստանը, կարծես, ընդունեց այն խաղի կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ: Եվ բոլոր դեպքերը, երբ ունեցանք ազատ արձակումներ, կապված էին քաղաքական պրոցեսների հետ», - նշեց Սահակյանը:
Նրա խոսքով՝ առանց քաղաքական պրոցեսների՝ Ադրբեջանը գերիների բաց չի թողնում. «Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ բոլոր գերիները պատանդ են պահվում քաղաքական պահանջների բավարարման նպատակով»: