30/11/2023 13:11
Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ. առնվազն 80-ի մասով տեղեկություններ չկան. Իրավապաշտպան (Տեսանյութ)
Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ նրանք բոլորն էլ ունեն տարբեր կարգավիճակներ. «Նրանց կազմում մենք ունենք քաղաքացիական, ռազմական գերիներ, ինչպես նաև քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ: Մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ: Ուզում եմ տեղեկացնել, որ սա ռազմագերիների միայն պաշտոնական քանակն է, սրանից զատ՝ նաև գերեվարվել են առնվազն 80 քաղաքացիական և ռազմական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում: Այս ուղղությամբ այդ 55 գերիների խումբը գտնվում է պաշտպանվածության ավելի բարձր աստիճանում, քանի որ գերեվարման հանգամանքները հաստատվել են, իսկ մյուս խմբի առնճչությամբ տեղաշարժ չկա: Դեռևս 2021 թվականի գարնանից չի եղել դեպք, երբ Ադրբեջանը պաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց»:
Անդրադառնալով գերիների պահման պայմաններին՝ Սահակյանը նշեց, որ այդ մասով հետաքննություն է անհրաժեշտ իրականացնել, քանի որ խոշտանգման մասերը հետաքննությունից դուրս են.
«Նշեմ, որ գերիներն այս ողջ ընթացքում չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ մեխանիզմի հետ: Այցելությունները բացառապես եղել են Կարմիր խաչի կոմիտեի կողմից»։