30/11/2023 15:09
Արցախցի ուժեղ, ոսկե ձեռքերով կանայք հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը. Տաթևիկ Խաչատրյան
«Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել է փառատոն՝ արցախցի ուժեղ, ոսկե ձեռքերով կանանց համար։ ՀԿ-ի համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանն ասում է՝ փառատոնը դեռ ամիսներ առաջ պիտի տեղի ունենար Արցախում, բայց շրջափակումն իր բոլոր հետևանքներով զրկեց փառատոն կազմակերպելու հնարավորությունից։
«Փառատոնի անցկացման համար խորհրդանշական վայր էինք ընտրել Մարտունու շրջանի Եմիշճան գյուղը, որ կոլորիտային է, բայց վերջին տարիներին գյուղը դատարկվում էր, մարդկանց արտահոսք կար, ուզում էինք մեր նախաձեռնությամբ նաև ինչ-որ չափով գյուղն ապրեցնել։ Շրջափակման ամենածանր օրերին անգամ մտածում էինք` կգա օր, որ կկարողանանք մեր նախաձեռնությունը կյանքի կոչել, ցավոք, եղավ ինչ եղավ։
Բռնի տեղահանությունից որոշ ժամանակ անց նկատելի էր, որ մարդիկ փոքր քայլերով փորձում են մեջքն ուղղել, Արցախում կայացրած գաղափարները, փոքր բիզնեսները հարմարեցնել նոր պայմաններին։ Որոշեցինք, որ փառատոնը պիտի կայանա ու խրախուսի արցախցի կանանց. մասնակիցները հնարավորություն կունենան արտադրանքը ճանաչելի դարձնելու, տեղում իրացնելու, ոչ պակաս կարևոր են նոր ծանոթություններն ու փորձառությամբ միմյանց օգտակար լինելը։ Մեր հայաստանաբնակ հայրենակիցներն էլ, որ երկար ժամանակ զրկված են եղել Արցախ գալու հնարավորությունից, հնարավորություն կունենան հայտնվելու արցախյան միջավայրում, արցախյան համերով, բույրերով գոնե մի փոքր կարոտը մեղմելու»։
Տաթևիկ Խաչատրյանը մայրական համայնքի վստահությունը խիստ պարտավորեցնող, մոտիվացնող է համարում։
«Հիմա առավել շատ ենք ուզում մայրական համայնքի համար օգտակար լինել, այս նախաձեռնության շրջանակում հոգացել ենք, որ փառատոնի տարածքում կազմակերպենք երեխաների ապահով ժամանց, որպեսզի մայրիկները կարողանան հանգիստ աշխատել։
Փառատոնը կհամարենք կայացած, արդյունավետ, եթե մասնակիցներն այդ օրը լավ վաճառքներ ունենան, իրենց օգտակար զգան։ Հիմա, առավել քան երբևէ, արցախցիներն աշխատանքի, ռեալիզացվելու կարիք ունեն, որևէ աջակցության ծրագիր չի կարող փոխարինել աշխատանքին։ Այս փառատոնն ու նմանատիպ միջոցառումներն, ի վերջո, պիտի նպաստեն, որ որքան հնարավոր է շատ մարդ աշխատանք գտնի, հաջողի իր ձեռնարկումներում»։
Տաթևիկ Խաչատրյանն ընդգծում է՝ ամեն հնարավորը պետք է անել հաղթահարելու համար ճգնաժամային, ողբերգական փուլը։ Հուսահատվելը, ոչինչ չանելը որևէ մեկին չի փրկի, մինչդեռ աշխատելը, օգտակար լինելու ջանքերն անպայման, հատկապես հիմա, կօգնեն կազդուրվել, ապաքինվել։
Հիշեցնենք՝ փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում։