30/11/2023 12:20
Քաղաքական անգրագիտություն է. եղած բանակցային գործիքներն անտեսելու դեպքում վաղը ՀՀ-ն շատ ավելի թույլ դիրքերով է ընկնելու ՌԴ-ի գիրկը. Արամյան
ՌԴ տնտեսությունից ուզենք, թե չուզենք՝ մեր կախվածությունը բավական զգալի է. «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Տեսականորեն, եթե ՌԴ-ն որոշի գազի գինը գրչի մեկ հարվածով բարձրացնել, որը նշանակում է արտարժույթի արտահոսք, կամ՝ եթե Լարսի անցակետում ինչ հիմա կատարվում է՝ ավելի ֆորմալացվի, և ՌԴ-ն ավելի կոշտ սահմանափակումներ դնի ՀՀ-ՌԴ դրամային փոխանցումների վրա, եթե այդ գործիքները ֆորմալ կիրառվեն՝ վստահաբար, մեր դիմադրողականությունը բավարար չի լինի, որ կայունություն ապահովենք՝ կլինեն տնտեսական անկումների դրսևորումներ»,-ասաց նա։
Արամյանը թվեր ներկայացրեց, ըստ որոնց, 2022թ.-ին ՀՀ-ն ունեցել է շուրջ 5 մլրդ 360 մլն դոլարի արատահանում, որից 2,4 մլրդը բաժին է ընկել միայն ՌԴ-ին։
Վարդան Արամյանը կարծիք հայտնեց կառավարության արձագանքից․ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Լարսի անցակետի սահմանափակումները ՀՀ-ի տնտեսության վրա չեն ազդի, եթե ՀՀ բիզնեսը նոր շուկաներ գտնի։ «Կարծում եմ՝ օրվա վերջում ՀՀ-ն շատ ավելի թույլ դիրքերով է ընկնելու ՌԴ-ի գիրկը։ Եթե հիմա ունես բանակցային գործիքներ, վաղը, մյուս օրն արդեն ավելի թույլ կարգավիճակով գնալու ես ՌԴ-ի մոտ՝ ինչ-որ բաներ խնդրելու, սա քաղաքական անգրագիտություն է»,-ասաց նա։
Վարդան Արամյանը նշեց, որ Եվրոպական շուկա մխրճվելու համար, պետք է ստանդարտների բավարարես, իսկ դրա համար խոշոր ներդումներ են պետք։
«Միանգամից առճակատվել մի երկրի հետ շատ կոշտ՝ ավելի հաճոյանալու եվրոպական բլոկին, անհեռատես քայլեր են։ Տնտեսական դրսևումներն արդեն սկսում են երևալ»,-ասաց նա։
Արամյանը նշեց, որ Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան։