30/11/2023 15:42
«Տուն-տեղը կարող ես նորից ստեղծել, բայց հայրենիքը՝ չես կարող». արցախցի գյուղապետ Հովիկ Պետրոսյան (լուսանկարներ, տեսանյութ)
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղը գտնվում է Բովուրխան լեռան լանջին, Ստեփանակերտից 23 կմ հեռավորության վրա։ 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո 170 բնակիչ ունեցող գյուղն աստիճանաբար սկսել էր ապրել իր բնականոն կյանքով, վերականգնել էին ավերված տները, կառուցվում էին նորերը։ Գյուղում հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում, զարգացած էր մեղվաբուծությունը։ Գյուղի դպրոցում սովորում էր 43 աշակերտ։
Պատմությունը ներկայացնում է Հետքը։
Հովիկ Պետրոսյանը Կարմիրի գյուղապետն էր՝ 2010թ․-ից մինչև 2023թ․-ի սեպտեմբերի 19-ը։
«Շրջափակման մեջ նույնիսկ չէինք նեղվում։ Ամեն մեկը իր գյուղական տնտեսությամբ կարողանում էր ապրել, բայց վատը եկավ, լավն էլ տարավ»,- ասում է Հովիկ Պետրոսյանը։ 2020թ․-ի պատերազմից հետո գյուղը ադրբեջանական զինված ուժերի դիրքերին սահմանակից էր։ Գյուղի պաշտպանությունը կազմակերպում էր գյուղապետը, աշխարհազորայինների խրամատը ձգվում էր հարևան Սզնեք գյուղի խաչմերուկից մինչև Սարուշեն։
«Սեպտեմբերի 19-ից մեկ շաբաթ առաջ արդեն զգում էինք, որ ադրբեջանական զորքի մեծ շարժեր կան Ակնաղբյուր, Ավետարանոց գյուղերի մոտ։ Էդ օրը սովորական առավոտ էր, ոչ ոք չէր մտածում, որ կռիվ կսկսվի, մենք իննսունականներից սովոր էինք, որ հարձակումը հիմնականում առավոտ լուսադեմին է լինում՝ ժամը 5-6-ին, էս անգամ կռիվը սկսվեց սեպտեմբերի 19-ի ցերեկը՝ ժամը մեկին»,- պատմում է Հովիկ Պետրոսյանը։
Հարձակման օրվա առավոտյան հարևան դիրքերից կապվում են գյուղապետի հետ և տեղեկացնում ադրբեջանական զինված ուժերի մեծ կուտակումների մասին։ Հովիկ Պետրոսյանը կարգադրում է գյուղի բոլոր աշխարհազորայիններին ստանալ զենք և պատրաստ լինել։ Ցերեկը՝ ժամը մեկին, ադրբեջանական զինված ուժերը սկսում են հրետակոծությունը։ Գյուղի աշխարհազորը զբաղեցնում է իր դիրքերը։ Ադրբեջանական զինված ուժերը պայթեցնում են մոտակա հրամանատարական դիտակետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։