30/11/2023 15:30
Ատելության մթնոլորտը բավականին նվազել է, շնորհակալ եմ ընդդիմությանը․ Գաբրիելյանը՝ Գալստյանին
Ատելության հետ կապված՝ ես հիշում եմ,թե մեր նիստերը մի տարի առաջ ինչ մթնոլորտում էին անցնում և հիմա ոնց են անցնում. ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար թեկնածուների վերաբերյալ դրական գնահատականից հետո։
«Եկեք ընդունենք, որ մի տարի առաջվա և ներկայիս ատելության մթնոլորտը, եթե ոչ կիսով չափ, ապա բավականին նվազել է, տիկի՛ն Գալստյան։ Մի տարի առաջ, երբ խոսում էինք այս մասին, բնական է, մեծ իրադարձություններ էին տեղի ունեցել, նախընտրական շրջան էր, հիմա բերել է նրան, որ մենք աստիճանաբար նաև մեր հանձնաժողովում փորձել ենք նորմալ աշխատանքային հարբերություններով աշխատել և առաջ գնալ, և կարծում եմ՝ դա միայն ու միայն օգուտ է»,-ասաց նա՝ շնորհակալ լինելով ընդդիմությանը՝ նիստերին մասնակցելու, կառուցողական քննարկումների համար։
Լիլիթ Գալստյանն արձագանքեց, որ եթե ներազգային հանդուրժողականության դիտանկյունից նայեն՝ հանձնաժողովի լեգիտիմությունը բարձրացնելու համար պետք չէ՞ արդյոք ընդդիմությանը քվոտա տրվի, ինչպես ՀԾԿՀ-ում է։
Նա նաև հիշեցրեց՝ երբ ընդդիմությունը հակակոռուպցիոն մարմնի թեկանծու էր առաջադրել, մեծամասնությունը ջախջախիչ արդյունքներով դեմ քվեարկեց։ «Դա է մեծամասնությունը, այս բարի կամքը, որ այստեղ սիրուն, աշնանային մեղմ գույներին համահունչ, գրականության մթնոլորտում ընթանում է՝ քաղաքական վարք չի դառնում խորհրդարանում»,-դժգոհեց պատգամավորը։