30/11/2023 11:59
ՀՀ-ում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարներով մեքենաները, սկզբնական շրջանում շատ եմ ուրախացել. այսպես շարունակել չի կարելի. Վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշներով մեքենաները, այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես դրա համար սկզբնական շրջանում շատ եմ ուրախացել՝ մտածելով, որ Վրաստանից Հայաստան այցելությունների թիվն արագ տեմպերով ավելանում է, հետո, երբ վիճակագրությունն ավելի խորն ենք ուսումնասիրել, պարզել ենք, որ հարցն ուրիշ տեղ է, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներն ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում ու վրացական համարներով երթևեկում են Հայաստանում ու դա անում են, որ Հայաստանում մեքենաները չմաքսազերծեն»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ այս դեպքում խնդիր կա, քանի որ մեքենայի համարանիշը պետականության ատրիբուտ է։
«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»,- ընդգծեց Փաշինյանը։
Այսպիսով՝ 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։
2023 թվականի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրի դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների քանակը կազմում է շուրջ 9000, որոնց համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44․3 մլրդ․ դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։ Մասնավորապես, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցները ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 7․8 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 36․5 մլրդ․ դրամ։
Կառավարությունը ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով փոխհատուցման հնարավորություն կստեղծի։
ա․ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով,
բ․ Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածակագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։
Այսինքն՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3․1 մլրդ․ դրամ (7․8 մլրդ․ x 40%), իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25․6 մլրդ․ դրամ (36․5 մլրդ․ դրամ x 70%)։ Արդյունքում՝ նշված ավտոմեքենաները ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15․6 մլրդ․ դրամ։