01/12/2023 18:57
Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները հրաժարվել են լուսանկարվել Լուկաշենկոյի հետ
Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահներ Գիտանաս Նաուսեդան, Էդգարս Ռինկևիչսը և Անջեյ Դուդան հրաժարվել են մասնակցել Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասնակիցների խմբակային լուսանկարահանմանը, քանի որ լուսանկարվողների շարքում է եղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Կեղծավորություն կլիներ ուս ուսի կանգնել մի ղեկավարի հետ, որի պետությունն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ցատկահարթակն է դարձել, մի ղեկավարի հետ, ով նույնպես պատասխանատվություն է կրում դրա աղետալի բնապահպանական հետևանքների համար»,- նշված է պարզաբանման մեջ:
Լիտվայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է նաև, որ այդ կարգի լուսանկարները «ընտանեկան լուսանկարներ» են անվանում։
«Լուկաշենկոն այն ընտանիքի անդամը չէ, որին մենք կցանկանայինք պատկանել»,- այս առնչությամբ նշել են Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի նախագահները։
Հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե լուսանկարահանվելուց հրաժարվելը երեք նախագահներից կոնկրետ որ մեկի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։