01/12/2023 20:30
Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում ամրագոտին գցում են նստարանի թիկնակին․ ՆԳՆ
ՆԳ նախարարությունը թեմատիկ անդրադարձ է հրապարակել․
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումից հետո անվտանգության գոտի չկապելը ավտովթարներից մահացության 2-րդ պատճառն է։ Ամրակապված վարելը նվազեցնում է վթարի դեպքում մահվան կամ լուրջ վնասվածքների հավանականությունը՝ վարորդներին և ուղևորներին ճիշտ դիրքում պահելով անգամ ինքնավթարի և կողաշրջման պարագայում։
Ընթացքի մեջ վարորդը և ուղևորները շարժվում են մեքենայի նույն արագությամբ: Եթե մեքենան կտրուկ կանգնում կամ վթարի է ենթարկվում, ապա վարորդն ու ուղևորները շարունակում են նույն արագությամբ շարժվել, որով մեքենան ընթանում էր մինչև կանգ առնելը:
Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են, բայց իրականում վարորդը ամրագոտին երբեմն գցում է նստարանի թիկնակին:
Անվտանգության գոտի չամրակապելը ճանապարհային երթևեկության կանոնների տարածված խախտումներից է: Վարորդներից բացի, չամրակապվելու հնարավոր ռիսկերը, ցավոք, հաշվի չեն առնում նաև ուղևորները։
2022 թվականին հանրապետության տարածքում ճանապարհային ոստիկանները և պարեկային ծառայողները կազմել են անվտանգության գոտիները չամրակապած մեքենա վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու 50131 վարչական իրավախախտման արձանագրություն, իսկ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 66790 վարչական իրավախախտում, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 16 հազարով ավելի է։
Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Անվտանգության գոտու պարտադիր կիրառումը կպահպանի ձեր կյանքը»։