01/12/2023 17:27
«Նա միշտ կատարում է գործընկերներին տված խոստումները և շատ սառն է իրենց խոսքը դրժող ղեկավարների հանդեպ»․ Նազարբաևը՝ Պուտինի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «խոսքի և գործի մարդ» է, նա իր երկրին վերադարձրել է համաշխարհային տերության կարգավիճակը, այսպես է բնութագրել ՌԴ գործող նախագահին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ իր հուշագրությունում, որն այսօր է հրապարակվել։
Ղազախստանի նախկին նախագահն իր մեմուարներում գրել է․
«Պուտինը կարգուկանոն հաստատեց երկրում և ամրապնդեց իշխանությունների հեղինակությունը, կրկին հասցրեց իր հայրենիքը համաշխարհային տերության կարգավիճակի։ Նա խոսքի և գործի մարդ է։ Ոչ ոք չի կասկածում, որ Պուտինի նախագահության շրջանը Ռուսաստանի պատմության մեջ կմնա որպես առանձնահատուկ ժամանակաշրջան։ Դա ընդունում են նաև նրա հակառակորդները»։
Նազարբաևը գրել է նաև, որ չափազանց հաճախ է հանդիպումներ ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։
«Նա իր խոսքի տեր մարդ է։ Մեր միջև երբեք տարաձայնություններ չեն եղել, թյուրիմացություններ չեն ծագել։ Նա միշտ և բարեխղճորեն կատարում է իր գործընկերներին տված խոստումները։ Պուտինը կարող է նաև «սառել» և երկար ժամանակ այդպես մնալ այն պետությունների ղեկավարների կամ մարդկանց հանդեպ, ովքեր չեն պահում իրենց խոսքն ու չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները»,- գրել է Նազարբաևը։