01/12/2023 17:09
«Ձեր խոստումների հակառակ արդյունքն է, պոպուլի՞զմ էր», «Կարմիր գծերը վերացնելու խոստում չի տրվել»․ Բանավեճ փոխքաղաքապետի և ավագանու անդամի միջև
Երևանի կայանատեղիների վճարների թեմայով հրավիրված բաց լսումներին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ իշխանությունները նախկինում տված խոստումները, թե կարմիր գծեր, արագաչափեր չեն լինի, չեն կատարում, փոխարենը հակառակ ուղղութամբ են գնում։ Չեն կատարվում նաև նախընտրական խոստումները։
«Միասնական տոմսային համակարգը չկա, մետրոյի ցանցի ընդլայնումը չկա, շարժակազմերի թվի ավելացումը չկա, անգամ տրանսպորտի նոր խմբաքանակը լավագույն դեպքում ամռանը կհամալրվի։ Ձեր նախընտրական շրջանի խոստումների հակառակ արդյունքն է։ Պոպուլզի՞մ էր»,-դիմելով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ ասաց Մանուկ Սուքիասյանը։
Նա նաև նշեց, որ կայանատեղերի թանկացումով սոցիալական շերտավորում է դրվում, հարուստներն են միայն կարողանալու կայանել։ «Մարդ ինչքա՞ն փող պետք է աշխատի, որ եթե գործը կենտրոնում է, էդքան էլ փող տա, որ կարողանա գա, գնա գործի»,-ասաց նա։
Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, թե «կարմիր գծերը վերանալու են» նախընտրական խոստում 2018 թվականին, հեղափոխության օրերին չի տրվել։
«Դրան պարոն վարչապետը, քանի որ իրեն է վերագրվում այդ խոսքերը, պարզաբանում տվել է մի 4 տարի առաջ։ Խոսվել է կոնկրետ արագաչափերի աշխատանքը վերացնելու կամ սահմանափակելու մասին։ Դրա մասին վարչապետը ևս պարզաբանել է, որ 2018 թվականից հետո, երբ հրահանգավորում իրականացվել է, կասեցվել է աշխատանքը, էլի հանրային դժգոհություն է առաջացել, որ կարող է անվտանգության վրա լուրջ ազդեցություն ունենալ, էական քննարդատություն կար...»,-ասաց նա։
Սոցիալական շերտավորման վերաբերյալ Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով էլ սոցիալական շերտավորում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեքենա չունեն, չեն կարողանում կենտրոն իջնել խցանումների պատճառով։
Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, ապա, նրա խոսքով, այսօր ավտոբուսների 90 տոկոսում, նաև մետրոպոլիտենում արդեն հնարավոր է մեկ էլեկտրոնային գնված տոմսով երթևեկել։
«Մետրոյի մասով էլ ասեմ, որ մետրոպոլիտենի ենթակառուցվածքի վրա աննախադեպ քանակի ներդրումներ են արվել»,-ասաց նա։