01/12/2023 21:08
Լիտվայում առաջարկել են թույլատրել ժամկետանց մթերքի վաճառքը
Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է 45 օրով երկարաձգել ժամկետանց մթերքի որոշ տեսակների վաճառքը՝ սննդամթերքի սպառման հարցում «ավելի ռացիոնալ մոտեցում» որդեգրելու նպատակով։ Այդ մասին նշված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Մանրածախ առևտրի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունը ներկայացվել է տնտեսվարողների և պատասխանատու մարմինների քննարկմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունից նշել են նաև, որ կարևորում են, որպեսզի պարենային ապրանքներին և դրանց սպառման հարցին «ռացիոնալ վերաբերմունք» ցուցաբերվի․ երբ որոշ ապրանքների օգտագործման առավել ընդունելի ժամկետը ավարտվում է, դրանք հանվում են վաճառքից, թեպետ դեռ կարող են որոշ ժամանակ էլ օգտագործվել։
Հստակեցվում է, որ խոսքն առաջին հերթին նպարեղենին է վերաբերում։ Ընդ որում, պետք է հստակ պահանջ մտցվի, որ արտադրողի փաթեթավորումն անվնաս մնա, պիտակներում փոփոխություններ չարվեն։ Ժամկետանց արտադրանքի վաճառքի համար հատուկ հրահանգավորումներ կտրվեն։