02/12/2023 21:09
Ի՞նչ է մոլար հղիությունը․ Վտանգներ և բուժում
Մոլար հղիությունը, կամ այլ կերպ ասած` բշտիկային զանգվածը հղիության կորստի հազվադեպ տեսակ է, որը դրսևորվում է պտղի չզարգացմամբ:
Բշտիկային զանգվածը զարգանում է, երբ ընկերք ձևավորող բջիջները նորմալ աճելու փոխարեն վերածվում են ոչ նորմալ բջիջների կույտի: Բշտիկային զանգվածն արտաքնապես հիշեցնում է խաղողի ողկույզ, որի կենտրոնում երբեմն հայտնաբերում են պտղաձվի մնացորդներ:
Այսպիսի հղիությունը կարող է լինել լրիվ կամ մասնակի:
Լրիվ կամ ամբողջական բշտիկային զանգվածի դեպքում պտուղն ընդհանրապես չի զարգանում: Սա տեղի է ունենում, երբ սպերմատոզիոդով բեղմնավորվում է որևէ գենետիկական տեղեկատվություն (կորիզ) չունեցող ձվաբջիջ:
Ոչ լրիվ կամ մասնակի բշտիկային զանգվածի դեպքում պտուղը կարող է զարգանալ, սակայն՝ ոչ լիարժեք, ուստի կենսունակ չէ: Նման վիճակ զարգանում է, երբ նորմալ ձվաբջիջը բեղմնավորվում է երկու (այլ ոչ թե մեկ) սպերմատոզոիդով:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է բշտիկային զանգված զարգանում: Սակայն հայտնի է, որ այն ավելի հաճախ ի հայտ է գալիս մինչև 20 տարեկան երիտասարդ և 35-40 տարեկան այն կանանց շրջանում, ովքեր նախկինում ունեցել են նույն շեղումը:
Բշտիկային զանգվածով կանայք սովորաբար իրենց զգում են այնպես, ինչպես սովորական հղիները, քանի որ ոչ նորմալ ընկերքը հաճախ արտադրում է հղիության հորմոն համարվող մարդու խորիոնային գոնադոտրոպինի (hCG) մեծ քանակներ:
Որոշ կանանց մոտ կարող են զարգանալ սուր հիվանդագին վիճակ, երբեմն էլ՝ առաջին 3 ամսվա ընթացքում զգալի արյունահոսություն: Այլ դեպքերում կարող են ի հայտ գալ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա) և վահանաձև գեղձի խնդիրներ:
Որոշ կանանց մոտ մոլար հղիությունը կարող է հայտնաբերվել նրանց հղիության առաջին գերձայնային հետազոտության ժամանակ: Այլ դեպքերում այս վիճակն ախտորոշվում է միայն պոստ ֆակտում՝ ինքնաբուխ վիժումից կամ հղիության արհեստական ընդհատումից հետո:
Բշտիկային զանգվածը սովորաբար կարիք ունի վիրահատական միջամտությամբ հեռացվելու, որպեսզի կանխարգելվեն հնարավոր բարդությունները: Սա սովորաբար իրականացվում է գինեկոլոգի կողմից՝ հիվանդանոցային պայմաններում։
Հեռացված բջիջները կարող են ուղարկվել լաբորատոր թեստի՝ հետագա բուժումը պլանավորելու համար:
Բշտիկային զանգվածով դեպքերի մեծ մասի համար լայնացումը և կուրետաժը բավարար է: Որոշ դեպքերում, երբ մնում է բշտիկային հյուսվածք, որն աճում է արգանդի ավելի խոր շրջաններում կամ տարածվում, կարող է անհրաժեշտ լինել իրականացնել այլ միջամտություն: Հազվադեպ բշտիկային հյուսվածքը կարող է փոխակերպվել խորիոկարցինոմա կոչվող քաղցկեղի, որը պահանջում է լրացուցիչ բուժում:
Համոզվելու համար, որ բշտիկային հյուսվածքը արգանդից ամբողջովին հեռացված է, բժիշկը կարող է խնդրել, որ կրկնակի ստուգեք արյան hCG մակարդակը՝ քանի դեռ այն չի նորմալացել: Նման դեպքում գուցե կարիք զգացվի հանձնել այս և այլ թեստերն առաջիկա 6-12 ամսվա ընթացքում:
Բշտիկային զանգվածը չի ազդում կնոջ՝ կրկին հղիանալու ունակության վրա: Սակայն պետք է սպասել, մինչև օրգանիզմն անհաջող հղիությունից հետո լիարժեք վերականգնվի: Այս ժամանակային միջակայքն օգնում է, որ բժիշկը հասկանա, թե արյան hCG մակարդակն աճում է նոր հղիությա՞ն, թե՞ հին բշտիկային հյուսվածքների հաշվին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ