02/12/2023 19:46
Bitcoin-ի «ծարավը». Այս կրիպտոարժույթի հետ կապված յուրաքանչյուր գործարք «խմում է» մեկ լողավազան ջուր
Ամենատարածված կրիպտոարժույթի՝ Bitcoin-ի հետ կապված յուրաքանչյուր գործարք պահանջում է այնքան ջրի օգտագործում, որը մոտավորապես մեկ լողավազան կլցնի։
Ամստերդամի Ազատ համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ ջրի նման հսկայական ծավալ է պահանջվում այս կրիպտոարժույթի ստեղծման մեջ ներգրավված միլիոնավոր համակարգիչներն ամբողջ աշխարհում սնուցելու համար:
Համեմատության համար նշենք, որ սովորական բանկային քարտի միջոցով գործարքը պահանջում է վեց միլիոն անգամ ավելի քիչ ջուր:
Գիտնականները մտահոգված են՝ այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ աշխարհի շատ երկրներ և մոլորակի մինչև երեք միլիարդ մարդ տառապում են խմելու ջրի պակասից, և իրավիճակն առաջիկա տասնամյակներում վատթարանալու միտում ունի։
«Այսպիսի իրավիճակ է արդեն ձևավորվել Կենտրոնական Ասիայում և նույնիսկ Միացյալ Նահանգներում, հատկապես Կալիֆորնիայում, և քանի որ կլիմայի փոփոխությունները շարունակվում են, ամեն ինչ միայն կվատթարանա», - BBC-ին ասել է հետազոտության ղեկավար Ալեքս դե Վրիսը:
Ըստ նրա ուսումնասիրության, 2021 թվականին բիթքոյնների արտադրության վրա ծախսվել է գրեթե 1600 միլիարդ լիտր (կամ գիգալիտր) ջուր, իսկ 2023-ի կանխատեսումն արդեն 2200 գիգալիտր է։
Հսկայական ծավալով ջրի սպառման հիմնական պատճառն այն է, որ բիթքոյնների արտադրությունը ենթադրում է համակարգչային մեծ հզորություն, «իսկ համակարգիչը էլեկտրականություն է»:
Քեմբրիջի համալսարանի տվյալներով՝ բիթքոյնի արտադրությունը տարեկան սպառում է գրեթե նույնքան էլեկտրաէներգիա, որքան, օրինակ, ամբողջ Լեհաստանը։ Իսկ ջուրն անհրաժեշտ է ածուխով ու գազով աշխատող էլեկտրակայանների բլոկները սառեցնելու համար։
Պետք է հաշվի առնել նաև ջրի այն պաշարը, որը ծախսվում է ամբողջ աշխարհում համակարգիչների սառեցման համար, առանց որի անհնար է Bitcoin-ով գործարքներ կատարելը:
Բլոկչեյն տեխնոլոգիան, որն ընկած է կրիպտոարժույթների հիմքում, ենթադրում է հաշվողական հսկայական հզորության ներգրավում գործընթացին, հետևաբար, էներգիայի բարձր սպառում: Բլոկչեյնի հիմքում համակարգիչների հսկայական, ապակենտրոնացված ցանցն է:
Այս «մայնինգ» համակարգիչները թույլ են տալիս ստեղծել նոր բիթքոյններ՝ միաժամանակ ինքնուրույն ստուգելով և գրանցելով այդ արժույթով կատարված յուրաքանչյուր գործարք:
Ethereum-ը՝ մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթը, արդեն անցել է Proof of Stake մոդելի՝ 2022 թվականի սեպտեմբերին, որն օգնել է նվազեցնել սպառվող էներգիայի ծավալը ավելի քան 99%-ով։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է Բաթի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Դավենպորտը, դա կարող է խնդրահարույց լինել բիթքոյնի դեպքում:
«Ethereum-ի դեպքում դա հնարավոր էր, քանի որ այս կրիպտոարժույթի կառավարումը շատ ավելի կենտրոնացված է, քան Bitcoin-ի դեպքում», - բացատրել է գիտնականը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ