02/12/2023 18:16
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը․ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերիի 5-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանի համերգը։ Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի Կոչնակները «Գայանե» բալետից, Դաշնամուրի կոնցերտը և Թիվ 3 սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Մեր հայրենակից Ժան-Պոլ Գասպարյանը մեծ ճանաչում է վայելում երաժշտական աշխարհում։ Նրա կատարմամբ Շումանի երկրորդ սոնատը Ալդո Չիկոլինիի վերջին մենահամերգի հետ ընդգրկվել է Նոանի փառատոնի առաջին սկավառակում, իսկ ֆրանսիական հեղինակավոր “Classica” ամսագիրը նրան ընդգրկել է 10 ամենախոստումնալից երիտասարդ դաշնակահարների ցանկում: 2018-ին նա թողարկել է իր առաջին ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: Արդեն այս տարի նա թողարկել է իր հինգերորդ ալբոմը, որը նվիրված է Դեբյուսիի արվեստին։
2019-ին Évidence Classics ապրանքանշանը թողարկել է Ժան-Պոլ Գասպարյանի կատարմամբ Շոպենի բոլոր մենանվագ ստեղծագործությունների ձայնասկավառակը: 2020-ի փետրվարին Գշտադի փառատոնի (Շվեյցարիա) շրջանակներում արժանացել է Թիերի Շերցի մրցանակի՝ լավագույն մենահամերգի համար և առաջարկ ստացել «Claves» ապրանքանշանի ներքո ձայնագրվելու նվագախմբի հետ: