02/12/2023 19:27
Օլիմպիական խաղերին ռուս մարզիկների մասնակցության մասին որոշումը կկայացնենք մարտին․ ՄՕԿ նախագահ
Միջազգային օլիմպիական կոմիտեն Փարիզում կայանալիք 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ որոշումը մարտին կկայացնի, հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը։ Այդ մասին հայտնում է «Inside the Games» հարթակը։
«Մենք հաշվի կառնենք այս հարցում ՄԱԿ-ի դիրքորոշումը, որով կոչ է արվում օլիմպիական հաշտություն կնքել»,- ասել է Բախը՝ հավելելով, որ ՄԱԿ-ն էլ իր հերթին աջակցում է այս խնդրի շուրջ ՄՕԿ-ի դիրքորոշմանը։
Միջազգային օլիմպիական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել այն ռուս և բելառուս մարզիկները, որոնք հրապարակայնորեն աջակցություն չեն հայտնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, որևէ կապ չունեն զինված ուժերի կամ ազգային անվտանգությունն ապահովող մարմինների հետ և որոնք կհամաձայնեն հանդես գալ «չեզոք դրոշի» ներքո։
Փարիզում Օլիմպիական խաղերը մեկնարկելու են 2024 թվականի հուլիսի 26-ին և շարունակվելու են մինչև օգոստոսի 11-ը։