02/12/2023 10:05
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է պատրաստվում Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել դեֆիցիտ ունեցող բյուջեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևան քաղաքի բյուջեի նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հանրային քննարկման ժամկետը մինչև դեկտեմբերի 5-ն է, դրանից հետո նախագիծը քննարկվելու է Երևանի ավագանիում դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում։ Նախագիծը կայքում դիտվել է 255 անգամ։ Ներկայացնենք փոքրիկ մասեր, թե ինչպես է պատրաստվում Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել դեֆիցիտ ունեցող բյուջեն։
Օրինակ՝ աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվել է 26 մլն դրամ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համայնքային ծառայողների վերապատրաստման և նեղ մասնագիտական ու կոմպետենցիաների վերապատրաստման համար աշխատակիցների մասնակցելու գործընթացը ապահովելու համար։ Հարցն այն է, որ մասնագիտական զարգացման կարիք կա ամբողջ քաղաքապետարանում։ Հետո անհասկանալի է այն փաստը, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար հատկացրել է գրասենյակային նյութերին և հագուստներին, քան վերը նշված մասնագիտական զարգացմանը։
«Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով ծախսերը ծրագրվել են 69 մլն դրամ, ինչը ավելի է 2023 թվականի հաստատված ցուցանիշից 7 մլն դրամով. հաշվարկվել են՝ հաշվի առնելով գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային նյութերը։ Հավելենք նաև, որ հազիվհազ ընտրված ֆրակցիայի բյուջեում, ինչպես իրենց դեպքում հաճախ է լինում, ահռելի գումար է հատկացված կենցաղային և հանրային սննդին։
«Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ» գծով նախատեսվել է 33 մլն դրամ՝ 2023 թվականի 30 մլն դրամի դիմաց. ավելացումը հիմնականում պայմանավորված է գնաճով և նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռք բերման նպատակով: Բյուջեի քննարկումներից հետո սպասենք և տեսնենք, թե նման ավել ծախսերը որ ընկերություններից են կատարվելու, և որ իշխանականն է հարստանալու»։