02/12/2023 13:35
ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մայիսի 5-ին անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային, նշել էր․ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ եւ՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, եւ՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, եւ նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռեւս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։
Այս մասին գրում է Հետքը։
Գրիգորյանի այս խոսքերի վերաբերյալ 4 կետ ենք առանձնացրել, որոնք, մեր կարծիքով, արժանի են ուշադրության։
Առաջին․ Ընդհանրապես, փորձը ցույց է տվել, որ ՀՀ հանրային ու քաղաքական գործիչներից շատերն այս կամ այն միջազգային տերմինը, թերեւս, չիմացության պատճառով օգտագործում են սխալ տեղում կամ ձեւով։ Օրինակ՝ նույն Գրիգորյանը 2020 թ․ դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա է կատարվում։ Նման բան իրականում մինչ օրս տեղի չի ունեցել․ Հայաստանն ու Ադրբեջանը ո՛չ դելիմիտացիա են սկսել (ընդհանուր սահմանի որոշում քարտեզի վրա, որն առաջին փուլն է), ո՛չ էլ, առավել եւս, դեմարկացիա (ընդհանուր սահմանի անցկացում իրական պայմաններում՝ «հողի վրա», որը երկրորդ փուլն է)։
Այս անգամ անկլավների մասին Գրիգորյանն ասում է․ «Հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Իրականում այս միտքը սխալ է այնքանով, որ Արծվաշենը, որը ԱԽ քարտուղարը անվանում է «Հայաստանի անկլավ», իրականում Հայաստանի էքսկլավն է։ Նույնը վերաբերում է նախկին ադրբեջանական էքսկալվներին, որոնք ՀՀ պաշտոնյան անվանում է «Ադրբեջանի անկլավներ»։
Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։
Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։
Այսպիսով՝ ՀՀ-ի մաս կազմող Արծվաշենն անկլավ է Ադրբեջանի համար, բայց ոչ Հայաստանի։ Մեզ համար այն էքսկլավ է։ Նմանապես Վերին Ոսկեպարը, Բարխուդարլու-Սոֆուլուն եւ Տիգրանաշենը, ըստ խորհրդային վարչատարածքային բաժանման, համարվել են Ադրբեջանի էքսկլավներ։
Արցախյան առաջին պատերազմի տարիներին Արծվաշենն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ վերջինիս վերոնշյալ 3 էքսկլավներն անցել են ՀՀ-ին։
Երկրորդ․ Արմեն Գրիգորյանն ասում է, թե հայկական ու ադրբեջանական էքսկալվների տարածքները գրեթե հավասար են։ «Գրեթե» բառն այստեղ չի փրկում իրավիճակը, քանի որ Արծվաշենի տարածքը, ինչպես ցույց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումը (սա պաշտոնական եւ ստույգ տվյալ չէ, բայց, ամեն դեպքում, կողմնորոշող թիվ է), 38,1 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլավների ընդհանուր մակերեսը 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից 6,1 քառ․ կմ-ով կամ 16 %-ով ավելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նույնիսկ սխալ է երկու թվերը «գրեթե հավասար» համարելը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։