02/12/2023 10:10
«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ ընկել է դատական քաշքշուկների մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանի ընտանիքին, ՊԵԿ-ի հետ ընկել է դատական քաշքշուկների մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ցանկանում են 04.10.2023թ. արձանագրությունն անվավեր ճանաչել: Ըստ էության, Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը, և նա, չհաշտվելով տուգանքի հետ, այն վիճարկում է դատարանում:
Նկատենք, որ նախկին պատգամավորի շուրջ սա միակ պատմությունը չէ, որ պտտվում է: Այս տարվա նոյեմբերի 23-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա. Հ.-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն. Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման և բնակարանների օտարման գործունեություն Երևան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Նախնական համաձայնությամբ հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու և հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, բնակարանների օտարման գործարքների փոխարեն, նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետևանքով պակաս է հաշվարկել և չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա. Հ.-ն և Ն. Ա.-ն ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել է շուրջ 500մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ, և պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250 մլն ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ «Պրեմիում Հաուս» թաղամասի կառուցապատողը հայտնի գործարար Լավանդայի Արայիկն է՝ Արայիկ Հայրապետյանը։ Նա Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի անդամ էր, իշխանափոխությունից հետո համարավետ տեղավորվել էր նոր իշխանության «սրտի օլիգարխների» շարքերում` ՔՊ-ի տանիքի տակ։ Կարծես թե, իրավիճակ է փոխվել»։