04/12/2023 10:56
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ենթակա է պաշտպանության. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին անգամ հաջողված նախադեպ կա, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50 հազար ստորագրություն։
«Հատկապես այս նախաձեռնության արժևորումը նրանում է, որ ազգային կարևորագույն հարցերի է վերաբերում, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում ու դրա դեմ ուղղված որևէ գործողության դատապարտելի համարելն ու քրեորեն պատժելի արարք որակելը ու հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնելը»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ենթակա է պաշտպանության։
«ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարևորում է նաև միջազգային հարթակում արցախյան հարցի հետևողականության ցուցաբերման առումով, որովհետև, եթե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում հայտարարել են սրա մասին ու դա չեն իրականացնում, ստացվում է, որ խաբել են հանրությանը, միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ ՀՀ քաղաքական ուժերը իրականացնում են ուղիղ հակառակը»,-ընդգծեց պատգամավորը։