04/12/2023 13:24
Ագարակում 24-ամյա երիտասարդը բռնաբարել է 93 ամյա կնոջը, հարվածներ հասցրել և սպանել նրան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում շարունակվում է Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի տարեց բնակչուհու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։40-ին¸ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր նույն հասցեի 93-ամյա բնակչուհի Ա.Առաքելյանի դին՝ գլխի շրջանում առկա վնասվածքներով:
Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նույն համայնքի բնակիչ, 24-ամյա Է.Ա.-ն:
Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ ևս:
Մասնավորապես՝ պարզվել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ Է․ Ա․-ն ուշ երեկոյան նախ այցելել է նախկին ընկերուհու տուն, թակել լուսամուտը, այնուհետև տեսնելով, որ նկատել են իրեն, չբացահայտվելու նպատակով հեռացել է և գնացել հարևանությամբ գտնվող տարեց կնոջ տան բակ, կոտրել տուժողի տան պատուհանի ապակին և, խախտելով տանտիրուհու բնակարանի անձեռնմխելիությունը, պատուհանով ապօրինի մուտք է գործել տուն:
Այնուհետև մոտեցել է անկողնում պառկած, անօգնական վիճակում գտնվող կնոջը և հասկանալով, որ վերջինս ճանաչել է իրեն, ապօրինի տուն մտնելու իր հանցագործությունը թաքցնելու նպատակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա․ Առաքելյանի գլխի և դեմքի շրջանին, որի հետևանքով կինը մահացել է:
Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ նախքան կնոջ մահը վրա հասնելը, 24-ամյա երիտասարդը տուժողի նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ:
Ա.Առաքելյանին սպանելուց հետո երիտասարդը տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսները հափշտակել և հեռացել է։
Ձերբակալված Է.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր տուժողին պատկանող բջջային հեռախոսը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 207-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: