04/12/2023 17:40
«Ֆլայ Արնա»-ի գործունեությունը շարունակվում է
Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան հերքում է վերջին օրերին թռիչքների կասեցման մասին մամուլում տարածված լուրերը և վստահեցնում է, որ ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղևորներին հարմարավետ և վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ավիաընկերության ամրագրման համակարգը չի գործել տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ինչը ժամանակավոր անհարմարություններ էր ստեղծել մեր գործընկերների և ուղևորների համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրներն այժմ կարգավորված են, և ավիաընկերության ավիատոմսերի համակարգը հասանելի է ամրագրումների համար:
Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան կարևորում է իր ուղևորների վստահությունը և բարձր է գնահատում այս օրերին հանրության ցուցաբերած համբերատարությունը։
ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, իր հերթին տեղեկացնում է․
«Ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ Ֆլայ Արնան իր 1,5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե սպասարկման, թե շահագործման բոլոր այլ չափանիշների առումով առանցքային է ընկերության գործունեության համար։ Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստված անձնակազմի համար։ Վստահ ենք, որ ընկերությունը շարունակելու է մնալ Հայաստանում ժամանակակից ավիացիայի բոլոր չափանիշների ներդրման ջատագովը և առաջամարտիկը։ ԱՆԻՖ-ը լիահույս է մոտ ապագայում տեսել ոլորտում այս նշաձողին հասնելու համար անհրաժեշտ բոլոր փոփոխությունները»։