04/12/2023 19:56
Որ երկրներն են զենքի վաճառքից ամենաշատ եկամուտն ստացել․ SIPRI
Զենք արտադրող համաշխարհային ընկերությունները 2022 թվականին չեն կարողացել էապես մեծացնել արտադրության ծավալները՝ չնայած զենքի համաշխարհային պահանջարկի շատ մեծ աճին, նշված է Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտությունում։
«Զենքի և ռազմական ծառայությունների վաճառքից աշխարհի100 խոշորագույն ընկերությունների եկամուտը, չնայած պահանջարկի կտրուկ աճին, 2022 թվականին կազմել է 597 միլիարդ դոլար, ինչը 3,5 տոկոսով պակաս է 2021 թվականի ցուցանիշից՝ հաշվի առնելով գնային տատանումները»,- նշված է զեկույցում։
SIPRI-ի հետազոտության համաձայն, ամերիկյան և եվրոպական ռազմարդյունաբերական ընկերություններին արտադրության ծավալները մեծացնել չի հաջողվել աշխատուժի պակասի, գնաճի, մատակարարման ընդհատումների պատճառով, խնդիրները պաայմանավորված են Ուկրաինայում տիրող իրավիճակով։
«Շատ ընկերություններ դժվարացել են բարձր ինտենսիվության մարտական գործողություններին համընթաց արտադրություն ապահովել, սակայն նոր պայմանագրեր՝ վերաբերող հատկապես զինամթերքի արտադրությանը, ստորագրել են, ինչը ենթադրում է եկամտի աճ՝ հաջորդող ժամանակահատվածում»,- նշված է զեկույցում։
Ներկայացվող տվյալների համաձայն, 2022 թվականին ամերիկյան 42 ընկերություններ 7,9 տոկոսով՝ 302 միլիարդ դոլարով պակաս եկամուտ են ունեցել այն դեպքում, երբ եվրոպական ընկերությունների մոտ եկամուտների աճ է գրանցվել․ խոսքը Գերմանիայում, Նորվեգիայում ու Լեհաստում գործունեություն ծավալած զենք արտադրողների մասին է։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 22 ընկերություններ ստացել են 3,1%-ով ավելի եկամուտ (134 միլիարդ դոլար)։ SIPRI-ին հատկանշական է համարում այն հանգամանքը, որ երկրորդ տարին անընդմեջ այս տարածաշրջանի ընկերությունների ընդհանուր եկամուտը գերազանցում է Եվրոպայում գործողների եկամտին։
«2022 թվականին եկամուտների ամենամեծ աճն ըստ տարածաշրջանների՝ տոկոսային հարաբերակցությամբ, արձանագրվել է Մերձավոր Արևելքում՝ գլխավորապես Թուրքիայի հաշվին»,- նշված է զեկույցում։