04/12/2023 14:29
«ՀայաՔվե»-ի նախագծի քննարկումը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվեց
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծի քննարկումը։ Նախագծով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ, ըստ նրա, նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։
«Այս փաստաթուղթը բովանդակություն չի պարունակում»,- նշեց նա։
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ ՔՊ-ն անպիտան իշխանություն է։
Մինասյանը առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ լրամշակելու նպատակով։
Այսպիսով՝ նախագծի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։
Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանն ասել էր, որ այս նախաձեռնության արժևորումը նրանում է, որ ազգային կարևորագույն հարցերի է վերաբերում, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում ու դրա դեմ ուղղված որևէ գործողության դատապարտելի համարելն ու քրեորեն պատժելի արարք որակելը. նաև հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնելը։
Նա նշել էր, որ ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարևորում է նաև միջազգային հարթակում արցախյան հարցին հետևողականության ցուցաբերման առումով։