04/12/2023 11:01
Եթե ՔՊ-ն հրաժարվում է կողմ քվեարկել նախագծին, փաստորեն, դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան (Տեսանյութ)
Այս պահին «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։
Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 2021 թվականին, երբ ՔՊ-ն հավաքեց 680 հազար ձայն, մտավ ԱԺ ու կազմեց մեծամասնություն, խոստացան հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, երաշխավոր լինել Արցախի և արցախցիների անվտանգությանը.
«Իր բոլոր խոստումները ՔՊ-ն հիմա փորձում է մոռացության մատնել։ Բայց պետք է հիշել, որ դրանք օդում կախված խոստումներ չեն, այլ դրանց հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր և այն պարտադիր է կատարման համար։ Ուստի եթե, ՔՊ-ն այսօր հրաժարվում է կողմ քվեարկել մեր ներկայացրած նախագծին, փաստորեն, դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին և դրանով դառնում ապօրինի։
Փաստացի, ստացվում է ոչ լեգիտիմ կառավարություն։ Եվ մեր հաջորդ քայլը պետք է լինի այս կառավարությունից, որն իր ընտրողներին խաբել է, ազատվել»։
Հարցին, թե արդյո՞ք այդ ամենը հիմա արդիական է՝ Չալաբյանը պատասխանեց.««ՀայաՔվեն» ավելի քան արդիական է։ Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պահպանել, որպեսզի երբևիցե կարողանանք Արցախը վերադարձնել»։