05/12/2023 13:49
«Այն, ինչ ունենք, օրինական է». Լևոն Քոչարյանը դատախազության հետ համաձայնության գալու հնարավորություն չի տեսնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը վստահեցնում է` այն, ինչ ունեն, օրինական է:
«Այն, ինչ մենք ունենք, չենք թաքցրել, խոսել ենք, իսկ արժեքը հասկանալ` չեմ կարող պատասխանել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին` բացառո՞ւմ է, որ որևէ փուլում ՀՀ գլխավոր դատախազության հետ համաձայնության կգան ու իրենց ունեցվածքից որոշ հատված կվերադարձնեն պետությանը` Քոչարյանն ասաց, թե դրա հնարավորությունը չի տեսնում:
«Դու պետք է ինչ-որ բաների հետ համաձայն լինես, որ գնաս: Իրենց մոտեցումն էլ, չեմ կարծում, որ արդարություն վերականգնելն է, այլ վնաս պատճառելն է ու ցավեցնելը: Տարիներով մեզ չորս միլիարդ դոլար ու ավելի հարստության հետ էին կապում, հիմա ասում են 36 միլիարդ դրամ... ես չեմ տեսնում այդ հնարավորությունը», - ընդգծեց պատգամավորը: