05/12/2023 10:25
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել», - ասել է Գրոսին։
Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ՝ Գրոսին նշեց, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։ «Մենք լսում ենք բոլորին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում», - ընդգծել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։