05/12/2023 11:59
Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում և ձգտում է ավելի զարգացնել կապերը. Փոխնախարար
Հայաստանը ձգտում է ավելի զարգացնել ավանդական բարեկամական կապերն Իրանի հետ, «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Ակտիվ քայլեր են ձեռնարկվում մեր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ բազմակողմ համագործակցության շրջանակներում։ Կարևորվում են բեռնափոխադրումների ոլորտի և ենթակառուցվածքների, տրանսպորտային կապի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող էներգետիկ ու տարածաշրջանային ծրագրերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը։
Իրանը Հայաստանի չորրորդ տնտեսական գործընկերն է, Հայաստանի հարավային հիմնական տարանցիկ ուղին»,-ասաց Սաֆարյանը։
Անդրադառնալով Վրաստանի հետ հարաբերություններին, փոխնախարարն ասաց, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները քայլեր են ձեռնարկում եղբայրական պետությունների միջև հարաբերություններն առավել երկարաժամկետ, ռազմավարական երկխոսության բնույթ հաղորդելու ուղղությամբ։
«Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը ևս վճռորոշ կարևորություն ունի։ Ինչպես գիտեք՝ համագործակցում ենք և համաձայնության ենք եկել բացելու սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։ Հուսով ենք՝ մոտ ապագայում այս շոշափելի քայլը կյանքի կկոչվի։
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերություններից է»։
Փոխնախարարն ասաց, թե Հայաստանը գնահատում է Իրանի սկզբունքային հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։