05/12/2023 09:53
«Հրապարակ». ԱԺ-ում բուռն շաբաթ է սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստը: Սակայն, սովորույթի համաձայն, իշխանությունը մինչև տարեվերջ արտահերթ նիստեր կգումարի։ Խորհրդարանին բուռն, եթե չասենք թեժ շաբաթ է սպասվում` շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում է պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։ Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին` Քաղծառայության խորհրդի նախկին նախագահին»։