05/12/2023 12:10
Հայաստանը պատրաստ է ծառայել որպես հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող հանգույց. Հարությունյան
Երևանում մեկնարկել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովը։
«Հայաստանը հավատում է կայուն խաղաղության հասնելու, բոլոր վեճերը և հակամարտությունները խաղաղ միջոցներով հանգուցալուծելու մեր մեծ տարածաշրջանի ժողովուրդների ցանկությանն ու կարողությանը»,-հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, թե փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ կյանքեր է պահանջում.
«Հայաստանը ևս պատրաստ է իր նպաստը բերել առկա մարտահրավերների հաղթահարման, մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործընթացում։ Պատմականորեն Հայաստանը միշտ եղել է հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող խաչմերուկում՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական, մշակութային առանձնահատկություններով։ Այսօր ևս, ելնելով իր աշխարհագրական դիրքից, Հայաստանը պատրաստ է ծառայել որպես կապող հանգույց նման փոխգործակցության համար»։
Հարությունյանի խոսքով՝ լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, 30 տարի շրջափակված լինելով երկու հարևանների կողմից, Հայաստանը լավ գիտակցում է տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների լիարժեք կենսագործունեության կարևորությունը.
«Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր՝ «Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչման համար և այն կյանքի կոչելու հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների գործուն աջակցությունը»։