05/12/2023 15:21
«Մրցակցությունը հենց այն անտեսանելի ձեռքն է, որն անզեն աչքի համար աննկատ կարգավորում է շուկան». Գեղամ Գևորգյանն ուղերձ է հղել
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ էհղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ։
«Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ:
Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ: Սա ևս մեկ պատեհ առիթ է աշխարհի տարբեր երկրներում բարձրաձայնելու մրցակցության օգուտների մասին և ուշադրություն սևեռելու ոլորտի խնդիրների վրա:
Մրցակցությունը բիզնեսի արդյունավետության բարձրացման և գլոբալ առաջընթացի, ինչպես նաև երկրների երկարաժամկետ տնտեսական զարգացման շարժիչ ուժն է: Մրցակցությունը հենց այն անտեսանելի ձեռքն է, որն անզեն աչքի համար աննկատ կարգավորում է շուկան, առաջ մղում բիզնեսին և հեշտացնում սպառողների կյանքը՝ նրանց համար ստեղծելով ապրանքների և ծառայությունների մատչելի այլընտրանքներ:
Այս տարի մրցակցության համաշխարհային օրը նշում է «Առաջնահերթություն տալով սոցիալապես զգայուն ոլորտներին» կարգախոսի ներքո: Սա շատ կարևոր ուղերձ է, որի հիմքում ընկած է մարդակենտրոնությունը: Չէ որ մեր բոլորի գործունեության գերնպատակը հենց մարդկանց բարօրությունն է, նրանց կյանքն ավելի լավը դարձնելը:
Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաները գտնվել և գտնվում են Հանձնաժողովի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մենք առավել աչալրջորեն ենք հետևում այդ շուկաներում խաղի կանոնների պահպանմանը: Հանձնաժողովի տարեկան ուսումնասիրությունների շարքում անպայմանորեն տեղ են գտնում նաև սոցիալապես զգայուն ոլորտներ: Իհարկե, այս ոլորտներում բացահայտվող խնդիրները միայն մրցակցային չեն: Դրանք համընդգրկուն են և համակարգային լուծումներ են պահանջում՝ պետական այլ մարմինների, բիզնեսի և սպառողների ջանքերի մեկտեղմամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, բարեկեցություն և ամենայն բարիք»։