05/12/2023 15:25
Մեզ մեղադրում են, թե Արցախը չփրկեցիք, բայց երբ եկավ «ՀայաՔվե»-ի ստորագրություններին տեր կանգնելու փուլը, ընդամենը մի քանի հարյուր մարդ դուրս եկավ. Դավիթ Սարգսյան
ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգում չներառեց «ՀայաՔվե»-ի նախագիծը, որով առաջարկվում էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց:
«Մինչև գլխադասային հանձնաժողովում քննարկումն էլ արդեն պարզ էր ՔՊ-ի՝ «ՀայաՔվե»-ի դեմ տրամադրվածությունը, «ՀայաՔվե»-ի դեմ ամիսներ շարունակ մղված տեղեկատվական արշավը, շատ համայնքապետարաններում ստորագրահավաքի գործընթացը խափանելը, ՔՊ-ականների՝ ագրեսիվ տրամադրվածությամբ հարցազրույցները, բնականաբար, կանխատեսելի էին դարձնում ՔՊ-ի այսօրվա քվեարկության պատկերը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Դավիթ Սարգսյանը։
Նրա խոսքով, երեկ ԱԺ-ում գլխադասային հանձնաժողովում ՔՊ-ականները վեց-յոթ ժամ խոսեցին ամեն ինչի մասին, բացի այս նախագծի երկու կարևորագույն ատրիբուտների՝ ուղիղ ժողովրդավարությունը՝ այսինքն 58000 քաղաքացու ստորագրությունը հարգելու և Արցախի՝ այլ պետության կազմում ճանաչելու սահամանդրական արգելքի մասին, որ արձանագրված էր Անկախության հռչակագրում և Գերագույն խորհրդի 1992 թվականի օրենքի ուժ ունեցող որոշման մեջ։
«Մենք ուզում էինք այդ շարքը փակել և քրեական օրենսգրքում նաև հանցակազմ պարունակող հոդված ներառել», - նշեց Սարգսյանը։
Դավիթ Սարգսյանի գնահատմամբ, իշխող ուժի պատգամավորները կարող էին փորձել գոնե ձևական կողմը պահել՝ նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ, մտքերի փոխանակման հնարավորություն տալ, բայց անգամ դա հարկ չհամարեցին անել։
«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարան ներկայացված օրինագծին իշխող ուժի պատգամավորները ոչ միայն դեմ են քվերակում, այլ նաև առհասարակ հարկ չեն համարում դա ներառել լիագումար նիստերի օրակարգ. սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ իրեն ժողովրդավարության փարոս հռչակած ուժի մասին», - ասաց նա։
Դավիթ Սարգսյանն ընդգծեց՝ «ՀայաՔվե»-ին դեմ քվեարկելը նույնն է, թե կապիտուլյացիոն պայմանագրին կողմ քվեարկել. եթե օրենսդրորեն չես արգելում Արցախը ճանաչել այլ պետության կազմում, նշանակում է թույլ ես տալիս, որ ՀՀ-ի անունից նման միջազգային պայմանագիր կնքվի։
«Մենք երեկ հրավիրել ենք «ՀայաՔվե»-ի բոլոր համակիրներին, 58000 և ավելի համախոհներին ԱԺ դիմաց՝ սեփական ստորագրությանը տեր կանգնելու, բայց ընդամենը մի քանի հարյուր մարդ եկավ։ Այս ընթացքում մեղադրանքներ էին հնչում «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի հասցեին, թե ստորագրություններ հավաքեցիք, այդպես էլ Արցախը չփրկեցիք, բայց երբ եկավ այդ ստորագրություններին տեր կանգնելու, իշխող ուժի պատգամավորների վրա ճնշում գործադրելու փուլը, ընդամենը մի քանի հարյուր մարդ հավաքվեց», - ասաց նա։
Դավիթ Սարգսյանի հավաստմամբ, առաջիկայում «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը հետագա գործողությունների վերաբերյալ պարզաբանմամբ հանդես կգա։