05/12/2023 14:49
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը զրպարտություն է որակել իրեն ուղղված մեղադրանքը՝ խոսելով իրավական հնարավոր գործընթաց սկսելու մասին
Համացանցում զրպարտչական բովանդակության տարածումը ենթակա է իրավական հետապնդման. X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ֆրանսահայ բլոգեր, հեռուստալրագրող Լեո Նիկոլյանի X-ի միկրոբլոգում արված գրառմանը, թե «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։
Դեսպանը նաև գրել է՝ ծանոթացեք ադրբեջանական AzeMedia-ի աղբյուրի «ֆրանսիացի լրագրողին»։ Կից տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով լրագրողի ռուսական կողմնորոշումը։
Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում X-ում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը:
Տեղեկություններ են ներկայացվում, որ Նիկոլյանը Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման ակտիվ անդամներից է, նա որոշակի հոգեբուժական օգնության կարիք ունի։ «Իսկ ադրբեջանցիները դա օգտագործում են հակաֆրանսիական և հակահայկական ատելություն հրահրելու համար»,-գրել են X-ի օգտատերերը։